Այսօր Երեւանի «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնում մեկնարկել է ArmNet 2011 «Նորագույն միտումներ. շարժական ինտերնետ, ամպային տեխնոլոգիաներ» կոնֆերանսը:
Կոնֆերանսի արտասահմանյան մասնակիցներից առաջին ելույթն ունեցավ Google-ի ռուսաստանյան մասնաճյուղի ավագ վերլուծաբան Ստանիսլավ Վիդյաևը, որը ներկայացրեց որոնողական համակարգի միջոցով կայքերի առաջխաղացման գործիքները: Գրում է «Մեդիամաքս»-ը:
Նա նշեց, որ, Live Internet-ի տվյալներով, Google-ը Հայաստանում առաջատար որոնողական համակարգն է՝ շուկայի 74% մասնաբաժնով, իսկ հայաստանյան շուկայում նրա մոտակա մրցակից Yandex-ը զբաղեցնում է շուկայի ընդամենը 16%-ը: Հաշվի առնելով այս հանգամանքը, ինչպես նաև շարժական սարքերով ինտերնետից օգտվելու աճող միտումը՝ Ստանիսլավ Վիդյաեւը կարեւորեց հայկական կայքերի շարժական տարբերակների եւ շարժական հավելումների առաջխաղացումը Google-ի Adwords գովազդային հարթակի, հայտարարությունների եւ նպատակադրման (targeting) գործիքների միջոցով:
«Մեդիամաքս»-ի փոխանցմամբ՝ Ստանիսլավ Վիդյաեւը նշել է նաեւ, որ Google Analytics համակարգի կոդը կարելի է տեղադրել նաեւ վեբկայքերի շարժական տարբերակներում եւ այսպիսով հետեւել այցելությունների մանրամասն վիճակագրությանը:
ArmNet 2011 միջոցառումների շարքի շրջանակներում այսօր մեկնարկել է նաեւ Startup Weekend Yerevan նորարար նախագծերի մրցույթը, որը կտեւի մինչեւ դեկտեմբերի 5-ը:
Միջոցառումների կազմակերպիչներն են SP Marketing Solutions եւ Orange Armenia ընկերությունները, ինչպես նաեւ «Հայաստանի ինտերնետ հանրություն» ՀԿ-ն:
Այսօր երեկոյան Գաֆեսճյան արվեստի կենտրոնում կկայանա Armnet Awards 2011 պաշտոնական մրցանակաբաշխությունը, որի ժամանակ կամփոփվեն վեբկայքերի ArmNet համահայկական մրցույթի արդյունքները:
0 Մեկնաբանություններ:
Отправить комментарий